Hrant Tokhatyan
- Thinking Portraits

- 17 minutes ago
- 2 min read
Զրույց Հրանտ Թոխատյանի հետ իրական արժեքների` խոսքի հավատարմության, հայրենասիրության, կնոջ նկատմամբ սիրո, ճշմարտության և ընկերության սրբության մասին. արժեքներ, որոնք չեն փոփոխվում ժամանակի հետ։ Մտքեր, որտեղ սուտը տեղ չունի, որտեղ դավաճանությունը աններելի է, իսկ իրականը՝ միակ չափանիշը։
THINKING PORTRAITS/INTRODUCTION
Ես այնքան եմ ընտելացել ինքս ինձ, որ պարզապես չեմ կարող պատկերացնել ինձ այլ կերպ և ուրիշ տեղում. ոչ մեկի հետ ինձ չեմ նույնականացնում:

Երբ կյանքիս վերջում հանդիպեմ Աստծուն, շնորհակալություն կհայտնեմ նրան, բայց նաև կպատմեմ ցավս, թե ինչ է կատարվում մեր երկրում։ Երբեմն կարող է տպավորություն ստեղծվել, որ Աստված աչքաթող է արել մեզ, բայց դա այդպես չի ՝ Աստված երբեք աչքաթող չի անում:

Տղամարդկանց մեջ առաջնահերթ գնահատում եմ խոսքին հավատարիմ լինելը, հայրենասիրությունը, երեխայասիրությունը և ամենից առավել՝ կնոջը լիաթոք սիրելը, կին արմատի նկատմամբ անսահման հարգանքը:
Հայրենիքի դավաճանությունը և անձնական դավաճանությունն այն երկու մեղքերն են, որոնք աններելի և անհանդուրժելի չարիք են ինձ համար։
Մարդ պետք է այնքան զբաղված լինի գործով, որ ստելու, նախանձելու ու խառնակչությամբ զբաղվելու ժամանակ չունենա։

Ես հասել եմ այն տարիքին ու հոգեվիճակին, երբ մանկությանս համարյա բոլոր երազանքները իրականացել են, իսկ գերուժի և ավելորդ բաների մասին երազելը երբեք կարևոր չի եղել ինձ համար։
Ամենամեծ երջանկությունը սերն է, երեխաները, ծնողները, հարազատ հոգի հանդիպելը, իսկ դժբախտությունը՝ նրանց կորցնելն է լայն իմաստով` լինի մահվան, թե վեճի արդյունքում։

Ես երբեք ընկերոջս այս կամ այն հատկանիշով չեմ ընտրել, ոչ էլ դատում եմ ըստ հատկանիշների. ընկեր ընտրում եմ սրտի կանչով, հայացքով, զրույցով: Ընկերությունը սրբություն է ինձ համար և իսկապես կյանքի պարգև է, երբ դպրոցական տարիների ընկերներդ դառնում են կյանքիդ ուղեկիցները։ Ինձ մոտ այդպես էլ եղավ։
Թվացյալ բաները ինձ համար հետաքրքիր չեն, վայրկյանական են, ժամանակավոր, անցնում են ու գնում, մնում է իրականը։ Քաշ ունի իրականը. մարդու հզորությունը նրա իրական լինելն է:

Սուտն ընդունելի է միայն, երբ երեխային հետ զրուցում ես հեքիաթի լեզվով, երբ մեծ կյանքի օրինակներ չես կարող մեջբերել. բոլոր այլ պարագաներում սուտ խոսելը խնդիր չի լուծում, հակառակը` նոր խնդիր է ստեղծում։
Թե հիվանդանալը, թե հիվանդությունից ապաքինվելը շատ են փոխում աշխարհընկալումդ, մտքերդ, կյանքիդ հունը թե' գլոբալ հարցերում և թե' մանրուքների մեջ։

Մենք հաճախ մեր երկրում, մեր քաղաքում, մեր լեզվի ու մշակույթի մեջ հպարտանում ենք բաներով, որոնք իրականում լավ չենք ճանաչում։ Կարծում եմ, որ դա սխալ է և անառողջ։ Եթե ուզում ես հպարտանալ մի բանով, պետք է այն ճանաչես հորինելու փոխարեն:
EMMA MARASHLYAN/CONCEPT AND PHOTOGRAPHY
INESSA MERANGULYAN /INTERVIEWER



Comments