Thinking Portraits
NAREK VAN ASHUGHATOYAN
Обновлено: 5 июн. 2020 г.
Նարեկ Վան Աշուղաթոյանը սոսկ արվեստագետ չէ, մարդ, որն արժևորում և պահպանում է նախնիներից ստացած ժառանգությունը, գնահատում է ներկան և քայլում դեպի ապագա՝ ստեղծելով մնայուն արժեքներ ...
Նարեկի համար հայ լինելն առաքելություն է, որը նա իրականացնում է ամեն վայրկյան՝ պահպանելով և արարելով...
Նա այդ ամենն անում է անմնացորդ, հոգու մաքուր նվիրումով...
Նրա ամենամեծ վախերից է ազգային ժառանգության հնարավոր կորուրստը… ու քանի դեռ Նարեկի պես մտավորականներն արթուն են, դա երբեք չի պատահի....
THINKING PORTRAITS/INTRODUCTION

Ինձ համար մեր ազգային ժառանգությունն այն արժեքների ամբողջությունն է, որը հնարավորություն է տալիս ինքներս մեզ ճանաչելու, լինելու ավելի լավը ու ստեղծելու նորը, որպեսզի մեր հաջորդ սերունդները ևս կարողնան կերտել իրենց նորը. անցյալի և ներկայի ժառանգության այդ շղթան մշտապես ամուր պիտի լինի:
Հայոց մշակույթի տարբեր դպրոցների կորուստներ ենք ունեցել, տարբեր շղթաներ են կտրվել, և այն փոքր ժառանգությունը, որը կարողացել ենք պահպանել, փորձում ենք մեզանում վերածնել և վերականգնել մեր կորցրած դպրոցները:

Դու չես կարող հաղթել գլոբալիզացիային, բայց կարող ես ի շահ քո ազգայինի օգտագործել այն. պատկերացնենք գլոբալիզացիան մեծ կաթսայի մեջ եփվող մի ճաշ է, որից պիտի սնվեն բոլոր ազգերը, իսկ մենք կամ սնվում ենք դրանից կամ այդ ճաշի մեջ ավելացնում մեր աղը, որը տարբերվում է և շատ ավելի համով դարձնում այդ մեծ ճաշը: Բայց հարցն այն է, որ մենք նախ պետք է ճանաչենք մեր աղը, նրանով համեմելու համար այն ամուր պահենք մեր ձեռքերում, իսկ օգտագործելու ժամանակ մեր աղի տարբերվող համը միշտ զգանք և գնահատենք:
Օրենքները նրա համար են, որպեսզի ունենանք ավելի լավ հասարակություն:
Ես փորձում եմ իմ երեխաների ընկերը լինել, լինել նրանցից մեկը. այս դեպքում հայրական գործառույթներն ավելի արդյունավետ են իրականացվում:

Չկա ճակատագիր, եթե կա ճակատագիր ու ամեն ինչ նախապես որոշված է, ապա ինչո՞ւ է Աստված մեզ սովորեցնում աղոթել:
Շատ բաներ կան, որ կարող էի անել, բայց չեմ արել, սակայն չեմ ուզում ինձ ներել կամ չներել դրա համար, քանի որ դրա փոխարեն ուրիշ բաներ եմ արել:
Այո վախ ունեմ և այդ վախն ի գործ կանչող զգացողությունն է: Գիտակցելով Հայոց Ցեղասպանության հետևանքների լրջությունը` միշտ անհանգստացել եմ մեր մազապուրծ ժառանգության հետագայի համար: Եվ այդ անհանգստությունս ինձ միշտ նետել է կոնկրետ քայլեր ձեռնարկելու և հստակ գործեր անելու:
Ունեմ կյանքի սկզբունքներ ոչ թե կարգախոսներ, Աստվածաշնչում գրված կարևոր պատվիրաններ կան, որոնք փորձում եմ ի կյանք կոչել:

Ինձ համար կյանքը պայքար չէ, կան դրվագներ, որոնք առանձին ճակատամարտեր են:
Նարեկացու «Մատյան Ողբերգության» գիրքը զորեղ ուժ ունի, ես հավատում եմ նրա բուժիչ, հզոր ազդեցությանը, այդ գիրքն ինձ ուղեկցում է ծննդյանս առաջին օրից:
Հայ լինել նշանակում է քո բաժին հասած խաչը կրել: Ըստ իս` դա քաղցր լուծ է, եթե կարողանում ես այդ խաչը պատվով տանել, դրա ծանրությունն այլևս չես զգում:

EMMA MARASHLYAN/CONCEPT AND PHOTOGRAPHY
NELLY KHACHATRYAN/INTERVIEWER